Գլխավոր Տնտեսություն Եթե կառավարությունն այսպես շարունակի, մոտ 2 անգամ կկրճատվի միգրացիան, տնտեսության ստվերայնության բարձր...

Եթե կառավարությունն այսպես շարունակի, մոտ 2 անգամ կկրճատվի միգրացիան, տնտեսության ստվերայնության բարձր աստիճանը. Վահագն Խաչատրյան

2 ամիսը բավարար չէ գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը գնահատելու համար, լավագույնը 6 ամիսն է, այդ իսկ պատճառով գնահատականներն ավելի շատ քաղաքական գործոններով են պայմանավորված և ոչ այդքան տնտեսական. այսօր հրավիրված ասուլիսին նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա` տարիներ շարունակ ՀՀ-ում տնտեսական վիճակը վատ էր, որովհետև «շան գլուխը թաղված էր քաղաքական և ոչ թե տնտեսական դաշտում»:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ եթե բնակչության ցածր կենսամակարդակի, բևեռվածության բարձր աստիճանի, աղքատության և գործազրկության հարցում որոշակի փոփոխություններ նախկինի հետ համեմատ չկան, ապա տնտեսական մենաշնորհների, կոռուպցիոն ռիսկերի, բնակչության միգրացիայի հարցում անցյալ տարվա համեմատ դրական միտում կա:

«Տեսնելով, թե ինչ է կատարվում այս երկու ամսում, եթե այսպես շարունակվի, մոտ երկու անգամ կկրճատվի միգրացիան, տնտեսության ստվերայնության բարձր աստիճանը»,-ասաց նա:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ նոր կառավարությունը կարծես թե չի փորձում այս ամենով ներկայանալ. «Կարծում եմ՝ ճիշտ է անում, որովհետև այն հաջողությունները, որ կան, պայմանավորված չեն միայն նոր գործողություններով»,-ասաց նա։

Տնտեսագետը, ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշը, նշեց, որ եթե մարտ ամսին արձանագրվել էր 19%, մայիսին այն նվազել էր մինչև 5,4%-ի և արդեն իսկ հունիսին արձանագրվել է 9,6%:

«9,6% տնտեսական ակտիվությունը բավական տպավորիչ է, որի համար մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսությունը, առևտուրը և շինարարությունը, որը նոր երևույթ է»,-ասաց նա և նաև հավելեց, որ տրանսֆերտների մասով դրական միտումներ ևս կան:

Տնտեսագետն ասաց, որ ներդրումների մասին չի կարող դեռևս խոսել: Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, ապա նրա որակմամբ՝ այն տպավորիչ է:

«Ըստ ԱՎԾ-ի՝ հունիս ամսին 150 մլրդ հարկ է հավաքվել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 94 մլրդ դրամ: Այսպիսի բան նախորդ տարիներին չի եղել, բացառությամբ ապրիլ ամսի, որը հարկային առումով շահութահարկի յուրահատուկ ամփոփիչ ամիսն է»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ եթե անցյալ տարի 6  ամիսներին հավաքագրվել է 550 մլրդ դրամ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 607 մլրդ` ներառյալ հարկերը և տուրքերը:

«70 մլրդ դրամ այս տարի է ավելին է հավաքվել, թեև մասնագիտորեն գուցե թերացում է միմյանց հետ համեմատելը, քանի որ աճը պայմանավորած է իշխանության հակակոռուպցիոն գործողություններով և ոչ թե տնտեսական աճով»,-ասաց նա:

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ արդեն իսկ տեսանելի է, որ հարկային պարտավորությունների կատարման առումով խնդիրներ չեն առաջանա։

 

Comments
SHARE