Գլխավոր Տնտեսություն Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր...

Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի համար կենսական հարցերի լուծման գործում: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ Հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսօր էլ շարունակվում են առաջնահերթ նշանակության բազմաթիվ ծրագրեր իրականացվել: Համոզված եմ, որ Արցախի զարգացման հեռանկարում Հիմնադրամը՝ որպես վստահելի գործընկեր, շարունակելու է իր կարևոր ներդրումն ունենալ՝ միավորելով համահայկական ներուժը»,- ասել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը ներկայացրել է այցի մանրամասները: Նա, մասնավորապես, նշել է, որ ծանոթացել են իրականացվող նախագծերի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև մի շարք համայնքներում ներկա են գտնվել Հիմնադրամի միջոցներով կառուցված՝ բազմազավակ ընտանիքների առանձնատների բացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցված համայնքային կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման, արևային էներգիայի ստացման համակարգերի ու արտեզյան ջրհորների ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և ընթացիկ մի շարք այլ նախագծերի մասին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ու արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:

Comments
SHARE