Գլխավոր Միջազգային Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. ABC News

Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. ABC News

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ  Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:

Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, ինչպես նաև բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում:

Միևնույն ժամանակ պաշտոնյաներից մեկը պատմել է, որ Ավստրալիան չի մասնակցելու բուն հարձակմանը, այլ ապահովելու է անհրաժեշտ տեղեկություններով:

Հիշեցնենք, որ տեղեկությունը տարածվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև խիստ լարված հարաբերությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Թրամփի՝ Twitter-ում Իրանի դեմ ուղղված գրառմանը՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով զգուշանալ:

«Մենք հազարամյակների պատմություն ունենք ու դարձել ենք բազմաթիվ կայսրությունների՝ այդ թվում նաև մեր կայսրության անկման ականատեսը: Մեր կայսրությունը շատ ավելի երկար կյանք է ունեցել, քան մի շարք երկրներ: Զգուշացի՛ր»,-գրել է Իրանի արտգործնախարարը:

Սրանով Զարիֆը պատասխանել է Թրամփի գրառմանն այն մասին, որ «ԱՄՆ-ին սպառնալու դեպքում Իրանը կտառապի հետևանքներից»:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երբեք, այլևս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին, այլապես դուք տառապելու եք այնպիսի հետևանքներից, որոնք պատմության ընթացքում շատ քչերին են բաժին հասել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը կուլ կտա դաժանության և մահվան մասին ձեր խենթ խոսքերը: Զգուշացե՛ք»,-գրել էր ԱՄՆ նախագահը:

Մինչդեռ այս գրառմանը նախորդել էր ԱՄՆ նախագահին ուղղված Իրանի նախագահի կոչը՝ «առյուծի պոչի հետ չխաղալու վերաբերյալ»:

«Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք առյուծի պոչի հետ, այլապես կզղջաք: Ամերիկան պետք է գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլորը պատերազմների մայրը»,-նախազգուշացրել էր Ռոհանին:

Ռոհանիի ասածը հրապարակավ պատասխանն էր ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանն առ այն, որ Վաշինգտոնը կփորձի համոզել դաշնակիցներին ամբողջովին հրաժարվել իրանական նավթի գնումից և որ դա պետք է արվի մինչև նոյեմբերի սկիզբ:

Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը կշարունակի հակառակ ԱՄՆ-ի դիրքորոշման նավթ գնել Իրանից:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ Իրանի նավթային հատվածի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կգործեն նոյեմբերի 4-ից: Այդ օրվանից սկսած իրանական նավթի գնումը կհամարվի պատժամիջոցների խախտում:

Comments
SHARE