Գլխավոր Միջազգային Նոր մարտահրավեր. Ռոնալդուն ի՞նչ ռեկորդներ կարող է գերազանցել «Յուվենտուսում»

Նոր մարտահրավեր. Ռոնալդուն ի՞նչ ռեկորդներ կարող է գերազանցել «Յուվենտուսում»

Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելով՝ Կրիշտիանու Ռոնալդուն նոր էջ բացեց իր կարիերայում: «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն Թուրինում իր առաջին ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ չի վախենում մարտահրավերներից և պատրաստվում է ռեկորդներ գրանցել նաև իտալական ֆուտբոլում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն առանձնացրել է ռեկորդային ցուցանիշներ, որոնք գերազանցելը կարող է դառնալ 33-ամյա Ռոնալդուի առաջիկա նպատակը:

Իտալիայի առաջիկա առաջնությունում 37 գոլ խփելու դեպքում Ռոնալդուն կգերազանցի Ջինո Ռոսետիի և Գոնսալո Իգուայինի՝ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդային ցուցանիշը: Ռոսետին 1928-29թթ. մրցաշրջանում 36 գոլ է խփել «Տորինոյի» կազմում, Իգուայինը՝ 2015-16թթ. մրցաշրջանում «Նապոլիում»:

Ռոնալդուն նաև կարող է դառնալ «Յուվենտուսի» կազմում մեկ մրցարջանի ընթացքում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը:

 Ներկայիս ռեկորդը՝ 35 գոլ, 1925-26թթ. մրցաշրջանում գրանցել է Ֆերենց Հիրզերը:

Ռոնալդուն կարող է դառնալ Իտալիայի առաջնությունում պենտա-տրիկ ձևակերպած ամենատարեց ֆուտբոլիստը: Ճիշտ է՝ այդ արդյունքին հասնելու առաջին հնարավորությունը պորտուգալացին կունենա միայն 2020 թվականի հունվարի 2-ից հետո: Ներկայիս ռեկորդը պատկանում է Միրոսլավ Քլոզեին: 2012-13թթ. մրցաշրջանում 34 տարեկան 330 օրական Քլոզեն 5 գոլ խփեց «Լացիո» – «Բոլոնյա» խաղում: Ռոնալդուն «Ռեալի» կազմում 2 անգամ է պենտա-տրիկ է ձևակերպել՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին տխրեցնելով «Էլչեին», 2015 թվականի սեպտեմբերի 12-ին էլ՝ «Էսպանյոլին»:

Իտալիայում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը Լուկա Տոնին է, ով աչքի է ընկել 38 տարեկան 5 օրական հասակում («Վերոնա», 2014-15թթ. մրցաշրջան):

Իտալիայի առաջնությունում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը Սիլվիո Պիոլան է («Նովարա»), ով այդ արդյունքին հասել է 37 տարեկան, 51 օրական հասակում:

Իտալիայի առաջնությունում ամենաշատ հեթ-տրիկներ (17) ձևակերպած ֆուտբոլիստները՝ Գունար Նորդալ («Միլան», «Ռոմա») և Ջուզեպե Մեացա («Ինտեր», «Միլան», «Յուվենտուս», «Վարեզե», «Ատալանտա»): Իսպանիայի 9 առաջնություններում Ռոնալդուն 34 անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել:

Եվրագավաթներում «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն Ալեսանդրո Դել Պիեռոն է՝ 51 գոլ: Այս ցուցանիշին հասնելն անիրական չի թվում, եթե հաշվի առնենք, որ 2014 թվականի նոյեմբերից սկսած Ռոնալդուն «Ռեալի» կազմում եվրագավաթային 51 գոլ է խփել:

«Յուվենտուսի» պատմության լավագույն ռմբարկուն ևս Դել Պիեռոն է՝ 288 գոլ, իսկ Իտալիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Սիլվիո Պիոլան է՝ 274 գոլ: Պիոլան 274 գոլ խփել է 1929-1954 թվականների ընթացքում: Ռոնալդուն նման ցուցանիշը վստահորեն գերազանցել է «Ռեալում» անցկացրած 8 մրցաշրջանի ընթացքում: Եթե Կրիշտիանու ցանկանում է գերազանցել Պիոլայի ռեկորդը, պետք է ներկայիս միջին արդյունավետությամբ խաղա նա 40-ամյակից հետո:

Comments
SHARE