Գլխավոր Միջազգային Ամերիկացի հարգարժան հոգևորականին բանտից չարձակելը Թուրքիայի համար իսկական ամոթ է․ Թրամփի կոչն...

Ամերիկացի հարգարժան հոգևորականին բանտից չարձակելը Թուրքիայի համար իսկական ամոթ է․ Թրամփի կոչն Էրդողանին

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակն ու կոչ արել թուրքական իշխանություններին քայլեր ձեռնարկել։

Twitter-ի իր պաշտոնական էջում Բրանսոնի մասին արված հրապարակման մեջ Թրամփը նշել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ ԱՄՆ նախագահը Բրանսոնին անվանել է «պատանդ» ու շեշտել է, որ Էրդողանը պարտավոր է ինչ-որ բան անել նրան ազատ արձակելու համար։

«Ամերիկացի հարգարժան հոգևորականին բանտից չարձակելը Թուրքիայի համար իսկական ամոթ է։ Նա երկար ժամանակ պահվում է որպես պատանդ։ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի այս հրաշալի քրիստոնյա ամուսնու և հոր ազատ արձակման համար, նրա ընտանիքն իր կարիքն ունի», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական դատարանը մերժել է քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը։

Ամերիկացի հոգևորականը բանտում է գտնվում 2016 թվականից, նրա հետ կալանավորվել էր նրա կինը, որն ավելի ուշ ազատ է արձակվել։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Թուրքիան ազատ կարձակի ամերիկացի հոգևորականին։ Բրանսոնին «միգրացիոն օրենսդրության խախտման», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքներով սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։

Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։

Comments
SHARE