Գլխավոր Միջազգային Իրանը՝ «խաղից դուրս». ինչպես Թրամփն ու Պուտինը կլուծեն Սիրիայի խնդիրը. «Газета»

Իրանը՝ «խաղից դուրս». ինչպես Թրամփն ու Պուտինը կլուծեն Սիրիայի խնդիրը. «Газета»

Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միավորում են ջանքերը Գոլանի բարձունքներում խաղաղություն հաստատելու համար՝ ապահովելով ինչպես Իսրայելի, այնպես էլ Սիրիայի շահերը, գրում է gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հելսինկիում հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ շրջանում իրավիճակը «պետք է բերվի 1974 թվականի համաձայնագրին լիարժեք համապատասխանության»: ՌԴ նախագահի կարծիքով՝ դա թույլ կտա վերադարձնել անդորրը Գոլանի բարձունքներում և հուսալիորեն ապահովել Իսրայելի անվտանգությունը, ինչպես նաև կարող է վերադարձնել իրավիճակը ստատուս-քվոյին, որ գոյություն է ունեցել այդ սահմանամերձ շրջանում մինչ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ Իրանն այլևս ակտիվ դեր չխաղա Սիրիայում:

Սիրիայի և Իսրայելի սահմանին գտնվող ռազմավարական այդ շրջանը դարձել է սիրիացի զինվորականների, իրանամետ ուժերի և տարբեր ահաբեկչական խմբավորումների գրոհայինների հակամարտության թեժ կետերից մեկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք հայտնել է, որ Սիրիայի հարավ-արևմուտքում այդ գոտին պետք է վերածվի անվտանգության լիարժեք գոտու: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջունել է Հելսինկիում Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունները:

«Ես շատ բարձր եմ գնահատում 1974 թվականի Իսրայելի և Սիրիայի միջև համաձայնագրի դրույթների պահպանման կարևորության մասին նախագահ Պուտինի խոսքերը: Ես շատ եմ գնահատում Իսրայելի անվտանգությանը խոր հանձնառությունը, որի մասին հայտարարել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ, և կարող եմ ասել, որ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքը երբեք ավելի ուժեղ չի եղել»,- ասել է Նեթանյահուն։

Սիրիայում Իսրայելի սահմանի անմիջական հարևանությամբ իրավիճակի կայունացումը կարևոր է Իսրայելի համար, քանի որ անմիջական վտանգ է ներկայացնում երկրի անվտանգությանը: Այսօր Գոլանի բարձունքների շրջանում, որտեղ իրավիճակը տարիներ առաջ հանգիստ էր, գործում են ծայրահեղ իսլամիստական խմբավորումներ: Շրջանում իսլամիստների դեմ պայքարում են ինչպես սիրիացի զինվորականները, այնպես էլ իրանական ջոկատները և «Հեզբոլլահ» լիբանանյան խմբավորումից նրանց դաշնակիցները:

Իրանական զինված ուժերի ջոկատները, որոնք կռվում են Սիրիայի կառավարության կողմից, ձգտում են ամրապնդել իրենց ազդեցությունն այդ երկրում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով, իսկ Թել Ավիվը պնդում է Սիրիայից բոլոր իրանական զորքերի դուրսբերման հարցում, գրում է կայքը:

 

Comments
SHARE