Գլխավոր Հասարակություն Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վստահեցնում է՝ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է,  թե ինչ միջոցներով ու ճանապարհով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ  աջակցությունը կարող է ներառել ֆինանսական ծավալների ավելացում:

«Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին՝ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից»,- ասաց նա:

Ըստ դեսպանի՝ այս պահին ամերիկացի ներդրողներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ նոր իշխանությունների գործողությունները՝ կապված գործարար միջավայրի խնդիրների կարգավորման հետ: Միլսի խոսքով՝ գործարար միջավայրն ուշադրության կենտրոնում է պահում նաև «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքը:
«Նրանք հետևում են՝ ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը գործարարների խնդիրներին, լինեն նրանք տեղական, թե ամերիկացի գործարարներ: Եթե հարկային հարցերով քննություն է` ինչպե՞ս է դրա ընթացքը ապահովվում, նաև հետևում են «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքին: Կառավարության գործողությունները նրանց դիտարկման տիրույթում են այժմ», – շեշտեց Ռիչարդ Միլսը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Միևնույն ժամանակ նա ողջունեց կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ներկայիս գործողությունները. «Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- եզրափակեց դեսպանը:

 

Comments
SHARE