Գլխավոր Միջազգային Թուրքիայում իրավիճակ փոխելու համար պատասխանատվություն պետք է ստանձնեն երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը....

Թուրքիայում իրավիճակ փոխելու համար պատասխանատվություն պետք է ստանձնեն երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը. Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը թուրքական gazeteduvar.com.tr կայքի հետ զրույցում նշել է, որ երկրում իրավիճակ փոխելու համար մեծ պատասխանատվություն պետք է ստանձնեն Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերը։

«Եթե չկոտրենք այս ազգայնական մթնոլորտը, հետո շատ դժվար կլինի։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցություններն էլ պետք է պայքարեն երկրում առկա ֆաշիստական առաջընթացը կանխելու համար», – ասել է Փայլանը։

Ըստ նրա՝ քրդաբնակ նահանգներում քրդամետ կուսակցության ստացած ձայները բավականին մեծ հաջողություն են՝ հաշվի առնելով իշխանությունների գործադրած ճնշումները, որոնք իրականացվեցին բնակչության հանդեպ։

«Ես գիտեմ մարզպետի, որն իշխանամետ կուսակցություններից պատգամավորներին կողքին առած պտտվում էր շուկայով, խանութի տերերին ասում՝ «Ձայն տվեք, որ թողնենք այստեղ աշխատեք»։ Նման մթնոլորտում արձանագրված ընտրական արդյունքն ուղղակի հրաշք է»,- ասել է հայազգի պատգամավորը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 24-ին։ Քրդամետ կուսակցությունը, ստանալով ձայների 11,7 տոկոսը, խորհրդարան է մտել որպես երրորդ ամենամեծ կուսակցություն։

Comments
SHARE