Գլխավոր Հասարակություն Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի. լրատվամիջոցներ

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի. լրատվամիջոցներ

ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել խոշոր գործարար, «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով, հայտնում է «Московский Комсомолец»-ը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը, հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով:

Կայքը նշում է, որ Օրյոլի մարզում Բուդագովն օլիգարխ է համարվում: Անցած տարի նա անսպասելիորեն արդարացվել էր պաշտոնյային կաշառելու գործով, չնայած կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:

Գործարարը հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործն իր ագրոհոլդինգի վերահսկողությունն իրենից խլելու փորձի հետևանք է:

Ինչպես գրում է rusarminfo.ru կայքը, Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:

 

Comments
SHARE