Վարչապետի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից իմ ակնկալիքները բավականին մեծ են այն առումով, որ սա վստահաբար մեզ անվտանգության ասպարեզում այլընտրանքներ կերտելու հնարավորություն կտա:
Այս մասին այսօր «ՆԱՏՕ, Եվրամիություն, Արցախ. ի՞նչ ակնկալել վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցից» թեմայով քննարկմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը:
«Այլընտրանքներ անվտանգության ասպարեզում և ոչ թե փոխարինող: Ի լրումն այն անվտանգային հարաբերությունների, որը մենք ունենք Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ, անհրաժեշտ է խորացնել նաև ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները ևս»,- նկատեց նա:
Արա Պապյանը նշում է, որ վարչապետի այցի հիմնական առիթը թեև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունն էր, սակայն ըստ նրա՝ սա այց էր և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ: Բրյուսելում նախատեսված 11 հանդիպումների մեծ մասը ԵՄ կառույցների հետ են։
«Կլինի վարչապետի ելույթը Աֆղանստանին նվիրված ժողովի ժամանակ, որտեղ մենք հանդիսանում ենք մասնակիցներից մեկը:
Արա Պապյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ սա վարչապետի առաջին այցն է դեպի Եվրոպա. «Մենք նկատեցինք հանդիպումների ժամանակ, որ մեր պատվիրակության նկատմամբ վերաբերմունքն ընդգծված դրական էր: Սա ցույց է տալիս վերաբերմունք հենց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ»:
Նա հիշեցնում է, որ Եվրամիությունն առաջինը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և պատրաստակամություն հայտնեց բոլոր ասպարեզներում համագործակցելու:
«Ես վստահ եմ, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, և մենք առաջիկայում կզգանք այդ ներհոսքը։ Իսկ ավելին մենք կարող ենք զգալ մյուս տարվանից, որովհետև իրենք էլ, բնականաբար, իրենց բյուջեներում փոփոխություններ պետք է մտցնեն, հատուկ հատկացումներ անեն տարբեր ոլորտներում Հայաստանին օգնելու համար»,- նշեց Արա Պապյանը: