Գլխավոր Հիմնական Մեր թեկնածուն Փոստանջյանն է, ով մինչեւ հոգու խորքը սիրում է Երեւանը. «Երկիր...

Մեր թեկնածուն Փոստանջյանն է, ով մինչեւ հոգու խորքը սիրում է Երեւանը. «Երկիր Ծիրանի»-ն առաջադրեց իր թեկնածուին

Երեւանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քաղաքապետի արտահերթ ընտրություններին կառաջադրի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ավագանու նիստին հայտարարեց խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը:

«Անշուշտ «Երկիր Ծիրանի» խմբակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ով ազնիվ է, արդար, անկաշառ եւ մինչեւ հոգու խորքը եւ կրքոտ սիրում է մեր Երեւանը եւ մեր ծովից ծով Հայաստանը: Սակայն Երեւանի քաղաքապետ պետք է ընտրի, ոչ թե այս ապօրինի, կանանց եւ քաղաքացիներին ծեծելով այս ավագանին, «Երկիր ծիրանին» պահանջում է այս ավագանու լուծարումը եւ նոր արդար ընտրությունների անցկացումը եւ նոր արդար ընտրությունների անցկացումը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ Երեւան քաղաքի հանդեպ մոխրագույն ցեղասպանություն է իրականացվել:

«Բազմիցս նշել եմ, որ քաղաքային բյուջեից դուրս է գրվել շուրջ 16 միլիոն դոլար, սակայն մեր քաղաքը մինչեւ օրս կորած է աղբի եւ կոյուղաջրերի մեջ: Ավելին շուրջ 3,5 միլիոն դոլար դուրս է գրվել քաղաքի կանաչապատման համար, սակայն իրականում այսօր կատարվում է ծառերի սպանդ: Տրանսպորտի հիմնախնդրի լուծման համար արդեն ծախսել ենք շուրջ 1 միլիարդ դոլլար տալով այն խորհրրդատվական կազմակերպությանը, մարդ կա արդյոք այսօր, ով կարող է գոհ լինել քաղաքային տրանսպորտի աշխատանքից: Սիրելի երեւանցիներ անցած տարիների ընթացքում մեր կանաչ եւ լույսերի քաղաքը վեր է ածվել մոխրագույն, անհասկանալի մի քարակույտի, ինչ է սա, եթե ոչ մոխրագույն ցեղասպանություն, այն որ իրականանում է հայի ձեռքով հանուն սեփական շահի:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը հավելեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը լիակատար լուծում չի ստանա, նա պետք է պատասխանատվություն կրի:

«Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը լիակատար չի լուծվում, քանի որ հանցագործ համակարգը շարունակում է մնալ: Տարոն Մարգարյանը կարելի է ասել այս համակարգի կողմից գնված հասարակ մի գործիք էր, հասարակ մի գող: Իհարկե, հին ժամանակներում այդպիսի գողերի ձեռքերն էին կտրում, սակայն մենք դեմ ենք եւ մերժում ենք ցանկացած կտտանք եւ պահանջում ենք, որ նրա գործողությունները քրեաիրավական պատասխանատվություն ստանա»,- ասաց Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Comments
SHARE