Գլխավոր Հիմնական ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Վաղարշապատի հիվանդանոց, Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի բժշկական կենտրոններ, «Արաբկիր բժշկական համալիր» Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն, ապա նաև՝ Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն:

Նախարարը շրջել է բժշկական հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, առանձին բաժանմունքների գործունեությանն ու տեխնիկապես հագեցվածությանը, զրուցել բուժհաստատությունների պատասխանատուների և աշխատակիցների հետ, քննարկել աշխատանքային բնույթի մի շարք հարցեր:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական հաստատությունների և ամբուլատորիաների տնօրենները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ առողջապահության ոլորտում առաջնահերթություն է համարում առողջության պահպանումը, կանխարգելումը, ապա նոր բուժումը: Անդրադառնալով ոլորտում առկա ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծմանը՝ Արսեն Թորոսյանը կարևորել է համայնքում գործող բուժհաստատություններին համայնքային բյուջեից համապատասխան գումար հատկացնելը: Նա նաև անդրադարձել է ոլորտի ապաքաղաքականացմանը՝ նշելով, որ իր կողմից համակարգի աշխատակիցների նկատմամբ քաղաքական գործընթացներում ակտիվություն դրսևորելուն ուղղված որևէ ճնշում չի լինելու:
Այնուհետև նախարարը պատասխանել է բժիշկներին հուզող հարցերին՝ տալով դրանց համապատասխան պարզաբանումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին ճանաչողական այցով մարզի բուժհաստատություններում լինելու և ինը շտապ օգնության մեքենա առաջիկայում տրամադրելու համար: Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իր համար թիրախային է և գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Համակարգում հաջողությունների հասնելու առումով էլ նա կարևորել է օրենքի շրջանակում, բաց և թափանցիկ գործելաոճով աշխատելու հանգամանքը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Comments
SHARE