Գլխավոր Հիմնական «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի հեղինակության բարձրացումը գոնե այս փուլում բացառում է պատերազմը...

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի հեղինակության բարձրացումը գոնե այս փուլում բացառում է պատերազմը Արցախյան ճակատում․ Ս․ Գրիգորյան

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի հեղինակության բարձրացումը գոնե այս փուլում բացառում է պատերազմը Արցախյան ճակատում։ Այս մասին այսօր «ՆԱՏՕ, Եվրամիություն, Արցախ. ի՞նչ ակնկալել վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցից» թեմայով քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Հիմա Բրյուսելում միայն Նիկոլ Փաշինյանն են ու Զոհրաբ Մնացականյանը չեն, այնտեղ են նաև Մամեդյարով և Ալիևը։ Նրանք այս ամենը տեսնում են։ Կյանքում չեն համարձակվի պատերազմ սկսել։ Իրենք, անպայման, սադրանքներ կանեն, ճնշումներ կանեն, բայց պատերազմի ոչ մի տարբերակ այս փուլում չի լինի։ Հայաստանի հեղափոխությունը կանխեց Ադրբեջանից եկող գրեթե անխուսափելի վտանգը»,- նշեց քաղաքագետը։ Ստեփան Գրիգորյանը պատերազմի վտանգ չի տեսնում նվազագույնը կես կամ 1 տարվա կտրվածքով։ Նա Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցը հաջող է համարում, քանի որ այն Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը մեծացնում է։ «Մեր հանդեպ հետաքրքրությունը մեծացավ «թավշյա հեղափոխությունից» հետո և էլ ավելի մեծացավ, երբ սկսվեց լրջագույն պայքար կոռուպցիայի դեմ։ Մեկ ամիս առաջ մի փոքր սպասում էին, մտածում էին, բայց երբ կոռուպցիայի դեմ պայքարը եղավ, հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ»,- նկատեց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը կարևոր է և’ ՆԱՏՕ-ի, և՛ ԵՄ, և՛ առանձին եվրոպական երկրներ հետ լուրջ ծրագրեր իրականացնելու համար, «ուղղակի մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը՝ ավելի մեծ ֆինանսավորում, տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ստանալու համար»։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ի համար ոչ միայն բացասական ձևակերպումներ չկային, այլ դրանք լավն էին։ ՆԱՏՕ-ի հռչակագրի 67 կետի երկրորդ մասում գրված է․ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»:

«Տարածքային ամբողջականությունը կտրված է այն հատվածից, որը կապված է կոնֆլիկտների լուծման հետ։ Դա սխալ մեկնաբանություն է, դուք պետք է նայեք՝ որ կոնտեքստով է խոսվում։ Այո, մենք մտահոգված ենք մեր տարածքային ամբողջականությամբ։ Այն նախադասությունը, որը կոնֆլիկտների մասին է խոսում, հստակ է այնտեղ գրված է Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, ՄԱԿ-ի կանոնադրության մասին, այդ սկզբունքներով պետք է լուծվեն։ Դուք գիտեք, որ այս երկու փաստաթղթերում ամեն ինչ կա, և՛ տարածքային ամբողջականությունը և այլն»,- ասաց Ս․ Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հետ կապված ռուսական կողմի արձագանքին, քաղաքագետը հայտնեց, որ ՌԴ-ն անհանգստանալու խնդիր չունի։ «Երկու չափորոշիչներ կան, որից հետո պաշտոնական Ռուսաստանը կարող է բացասական արձագանքել։ Առաջինը, երբ որ մենք ՆԱՏՕ-ի անդամակցության խնդիրը դնենք, որի մասին ՀՀ-ում ոչ ոք չի խոսում, դա ակտուալ թեմա չէ ո՛չ կառավարության, ո՛չ ընդհանրապես քաղաքական էլիտայի համար։ Երկրորդ շատ կարևոր խնդիրը՝ Հայաստանն իր առջև խնդիր չի դրել խնդիր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ ռազմատեխնիկական մասի ուժեղացում։

Քանի որ այս երկու խնդիրները չեն դրվում Հայաստանի կողմից, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Ռուսաստանի համար»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Comments
SHARE