Գլխավոր Հիմնական Երևանի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ պետք է լինեն. Ս. Միքայելյան

Երևանի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ պետք է լինեն. Ս. Միքայելյան

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միշտ հաղթանակով է դուրս եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Էսօր ադրբեջանցիք էս ֆոնի վրա ուզում են սև գիծ գցեն, բայց մեր այսօրվա համախմբվածությունը, որ կա ժողովրդի մեջ մենք պետք է փայփայենք, պահենք: Էս թավշյա հեղափոխությունը ոնց, որ նորածին երեխա լինի, ամեն մեկիս պարտքն է փայփայելը, սա պետք է տանենք դեպի նորմալ անկախություն: Էսօր ժողովուրդն իրան անկախ է զգում, բոլորի դեմքին ժպիտ կա»,- ասաց Ս. Միքայելյանը:

Խոսելով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների սպասվող առաջին հանդիպման մասին և պատասխանելով լրագրողների հարցին՝ ո՞րն է Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը բանակցային սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին. «Դա միջպետական հարց է, որ պետք է քննարկվի լուծվի, անհիմն հայտարարություններ չի կարող անել»:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ իր կարծիքով ավագանին պետք է լուծարվի, պետք է հայտարարվեն արտահերթ ընտրություններ:

«Էս ամեն ինչը պետք է մաքրվի, ավագանին նորմալ ընտրված չէ, բերել, նշանակել են: Դուք չգիտե՞ք ավագանու ընտրությունները ոնց են անցել: Բռնի ուժ, ֆինանսական ճնշումներ, ընտրակաշառք: Մենք պետք է հնարավորություն տանք ժողովրդին՝ ընտրել»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ ճնշելո՞ւ եք ՀՀԿ-ին, որ քաղաքապետի թեկնածու չառաջադրեն, նա պատասխանեց. «Մենք իշխանության ենք եկել, որ ճնշում գործադրե՞նք: Ես տրամաբանական չեմ համարում, որ ՀՀԿ-ն ժողովրդին նորմալ ծառայի, նույն բանը կլինի: Մարդիկ հասել են էն գիտակցության, որ պատկերացնում են՝ ինչ է կատարվել, ամեն ինչ պետք է գնա լեգիտիմության դաշտ»:

Հեղափոխության շարժման օրերին Սասուն Միքայելյանը վիճաբանություն էր ունեցել այդ ժամանակվա ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի հետ, շիշ էր նետել նրա վրա: Լրագրողները հարցին՝ այս միջադեպից հետո հանդիպե՞լ է Երանոսյանի հետ:

«Կարոտել եմ, կարոտել եմ Լևոն Երանոսյանին»,- հեգնեց Միքայելյանը, ապա ասաց, որ Լևոն Երանոսյանը փորձել է կապվել իր հետ ներողություն խնդրելու համար:

«Մի անգամ փորձել է կապվել, չստացվեց… Ինքը չէ, ընդհանուր: Նույն բախտին, բայց արժանացավ: Ուզեցել է հաշտվի, բայց ես չեմ ուզեցել»,- ասաց նա: Հարցին՝ նորից շի՞շ եք նետել, նա կատակեց. «Ես հո շշաձիգ չեմ»:

 

Comments
SHARE