Գլխավոր Հիմնական Ես միշտ իդեալիստ եմ եղել. Ռուբեն Վարդանյան

Ես միշտ իդեալիստ եմ եղել. Ռուբեն Վարդանյան

Գործարար, ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Inc. Russia պարբերականին՝ խոսելով ձեռներեցության նրբությունների, մարդկանց նկատմամբ հավատի, երկարատև ներդրումների և բիզնես էթիկայի մասին:

Ինչպես նկատում է լրագրողը, Ռուբեն Վարդանյանը ներդրումներ է անում ոչ միայն վաստակելու, այլև աշխարհը փոխելու համար: «Նա ներդրող է մնում նույնիսկ բարեգործություն կատարելիս, օրինակ՝ Aurora Prize մրցանակի կանոնակարգի համաձայն՝ դափնեկիրը պարտավորվում է իր գումարային մրցանակով կիսվել այլ բարեգործական կազմակերպությունների հետ»,- հիշատակում է լրագրողը:

«Ձեռներեցը ցանկացած միջավայրում պետք է trouble maker լինի, քանի որ մշտապես ամեն ինչ այլ կերպ է ցանկանում անել: Ձեռներեցին բնորոշ է հարմարավետության գոտուց դուրս գալու պատրաստակամությունը, հետաքրքրասիրությունը, նորի ձգտումը և իր գաղափարներով մյուսներին ոգևորելու կարողությունը»,- նշել է Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ բարդ է իդեալիստ լինել մի հարցում և կոշտ ռեալիստ՝ մեկ այլ հարցում. «Ես անձամբ միշտ եղել եմ իդեալիստ, ռոմանտիկ, հավատով, որ բարին ավելի լավ է, քան չարը: Financial Times-ն ինձ բնութագրել է որպես «փնթփնթացող լավատես»: Դա ընտրության հարց է: Կարելի է հավատալ բարեկեցիկ ելքին և ձգտել երեխաներին ավելի լավ աշխարհ ժառանգել, քան մենք ենք այն ստացել»:

Գործարարը նշել է, որ ներդրումը մարդկանց մեջ թեև երկարատև գործընթաց է և կարող է 7,8,10 տարի տևել, սակայն արդարացնում է իրեն:

Բացի դրանից, նա խորհուրդ է տալիս ձեռներեցներին 2 տարին մեկ անգամ առնվազն 2 շաբաթով որևէ տեղ մեկնել սովորելու. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ առաջնայինը կապերն են, համացանցը, շփումն ու ուսումը: Անհրաժեշտ է ընդլայնել գիտելիքների և ծանոթների շրջանակը»:

Վարդանյանը խոսել է նաև Հայաստանի Գիտատեխնոլոգիական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) մասին, որն ստեղծվել է երկրում նորարարությունների համար միջավայր ապահովելու նպատակով: Նրա խոսքով՝ FAST-ի համար առաջնային են 4 բնագավառ՝ մեթոդներ և տեսություն, տվյալների վերլուծություն, ներառյալ՝ արհեստական ինտելեկտը, համակարգչային կրթություն, տվյալների մոդելավորում կենսատեխոնոգիայի և միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում:

Comments
SHARE