Գլխավոր Հասարակություն Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն

Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, երեք տարի ժամկետով հետաձգվեց «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ներդրումային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ նրա, կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազար դրամ:

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստո՞ւմ է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար: Նախարարն ասաց՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում:
Արծվիկ Մինասյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի տվյալ ոլորտը չափազանց կարևոր է:

Comments
SHARE