Գլխավոր Հասարակություն Oրենքով հստակ սահմանվում են դեպքերը, երբ ՀՀ նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ...

Oրենքով հստակ սահմանվում են դեպքերը, երբ ՀՀ նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ հղել

Oրենքով հստակ սահմանվում են այն դեպքերը, երբ հանրապետության նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ հղել: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս են մեկնաբանում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, ըստ որի երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նկարահանվում էր բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեսադաշտում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե չունենալով լիազորություն, շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Բացի այդ, «Երկիր Ծիրանին» նշել էր, որ «դատապարտում է Արմեն Սարգսյանի կողմից կառավարության լիազորությունների յուրացումը եւ կառավարությանն էլ դատապարտում է անգործության դրսեւորման համար»:

Այս առնչությամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած պարզաբանման մեջ ասվում է.

«Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանվում են այն դեպքերը, երբ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ եւ հեռագրեր հղել օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Համաձայն նշված հոդվածի՝ Հանրապետության նախագահը ուղերձներ եւ հեռագրեր կարող է հղել

1) ազգային տոների առթիվ,

2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ,

3) քաղաքական կարեւոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ՝ յուրաքանչյուր 5-րդ տարում,

4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ՝ առաջինը՝ 5-րդ տարում, այնուհետեւ՝ յուրաքանչյուր 5-րդ կամ 10-րդ տարում,

5) այլ առիթներով»:

Նշենք, որ նախօրեին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար:

«2018 թվականի հունիսի 11-ին, նույն օրը, երբ Իլհամ Ալիեւը ցուցադրաբար նկարահանվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) տեսադաշտում, Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե չունենալով լիազորություն, շնորհավորական Ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ:

Զարհուրելի եւ խիստ մտահոգության առարկա է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանության ներկայացուցիչը դրսեւորել է անգործություն` Բելառուսի Հանրապետությանը բողոք հայտնելու փոխարեն, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին թույլ է տվել կատարել գործողություն, որի համար նա Սահմանադրությամբ եւ օրենքով լիազորված չէ, եւ դեռ ավելին, այդպիսի գործողությունով նա թույլ է տվել դավաճանություն, որը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,-մասնավորապես ասված է Փոստանջյանի հայտարարությունում:

Comments
SHARE