Գլխավոր Հիմնական Օրենքով սահմանվում է, թե երբ ՀՀ նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ հղել....

Օրենքով սահմանվում է, թե երբ ՀՀ նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ հղել. նախագահի աշխատակազմի պատասխանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննադատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհադվորական ուղերձ հղելու համար:

Փոստանջյանը հայտարարության մեջ նշել է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում այն պետության ղեկավարին, ով, անտեսելով Հայաստանի Հանրապետության հետ միասին ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելը, նաև համարվելով «դաշնակից» պետություն, Ադրբեջանին վաճառում է հարձակվողական նշանակություն ունեցող զենք, որը արդի հայկական պետականության ցանկացած բնակավայր կարող է ոչնչացնել:

Նա ՀԱՊԿ-ի և Բալառուսի հետ կապված մի շարք խնդիրները մատնանշելով՝ հայտարարել է, թե Արմեն Սարգսյանի կողմից նման ուղերձով հանդես գալը վկայություն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բանեցրել դիվանագիտություն, ոչ միայն չեն իրացրել ազգային շահից բխող քաղաքականություն, այլև շարունակում են նախորդների դավաճան գործողությունները:

«Արմեն Սարգսյանը նշված ուղերձով կատարել է գործողություն, որը վերապահված է մեկ այլ պաշտոնատար անձի: Տվյալ դեպքում այդ պաշտոնատար անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը»,- նշված է հայտարարությա մեջ:

Tert.am-ը խնդրի հետ կապված պարզաբանում է խնդրել նախագահի աշխատակազմից հատկապես այն մասով, որ նախագահ Արմեն Սարգսյանը լիազորություն ու իրավունք չունի՝ հանդես գալու ուղերձներով, և որ դրանով նա կառավարության լիազորությունն է կատարում:

Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ««Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տալիս է այս հարցի պատասխանը:

Մեզ տրված պատասխանում մասնավորապես ասված է. ««Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանվում են այն դեպքերը, երբ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնական ուղերձներ և հեռագրեր հղել օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Համաձայն նշված հոդվածի՝ Հանրապետության նախագահը ուղերձներ և հեռագրեր կարող է հղել

1) ազգային տոների առթիվ,
2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ,
3) քաղաքական կարևոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ՝ յուրաքանչյուր 5-րդ տարում,
4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ՝ առաջինը՝ 5-րդ տարում, այնուհետև՝ յուրաքանչյուր 5-րդ կամ 10-րդ տարում, 5) այլ առիթներով»»:

Comments
SHARE