Գլխավոր Հասարակություն Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 39 քաղաքացի: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և որոշ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության և դրամական օգնության խնդրանքով: Եղել են նաև ներհամայնքային, ներքաղաքային խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես` հողի սեփականաշնորհման գործընթացում տրված հողատարածքները հետ վերադարձնելու խնդրի լուծմանն աջակցելուն, համայնքի ղեկավարին սահմանված կարգով անվստահություն հայտնելուն, մեկ այլ համայնքապետի կողմից էլ թույլ տրվող անօրինական գործողությունները կանխարգելելուն, ինքնակամ շինությունների քանդման գործընթացին, ինչպես նաև 108 թաղամասում առկա խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելուն:

Գագիկ Միրիջանյանին դիմել են նաև աշխատանքից ազատելու գործընթացը կանխելու, աշխատանքի վերականգնման և սահմանված կարգով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու միջնորդության խնդրանքով:

Լսելով քաղաքացիների բոլոր հարցադրումները, առաջարկություններն ու խնդրանքները` մարզպետը դրանք տեղում քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տվել համարժեք պատասխաններ և լուծումներ` վստահեցնելով, որ սուբյեկտիվ վերաբերմունք որևէ երևույթի նկատմամբ չի դրսևորվելու, ամեն ինչ լինելու է օբյեկտիվ հարթության վրա` օրենքի տառին համապատասխան: Նա իր խոսքում ընդգծել է, որ լավ է լինել անկեղծ և մարդկանց ներկայացնել իրական հնարավորությունները, քան հուսադրել և ոչինչ չանել:

Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն տեղի է ունենալու քաղաքացիների ընդունելություն:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Comments
SHARE