Գլխավոր Հասարակություն Լրագրողների մոտ կա արդարացի մոտեցում, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված...

Լրագրողների մոտ կա արդարացի մոտեցում, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ. Արման Թաթոյան

Չի կարող որևէ երկրից որևէ փորձ մեխանիկորեն ներմուծվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ՝ առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները: Բայց նաև սխալ է մոտեցումը, որ պետք է սպասել, մինչև հասարակությունը զարգանա, նոր Հայաստանում սկսվեն ոլորտային բարեփոխումները:

Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկմանն ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Իհարկե, այդ բարեփոխումները պետք է իրականացնել և հասարակությանը տանել հետևից: Այդ առումով մենք մեր երկրում ունեցել ենք բացթողումներ, որովհետև եղել են քայլեր, որոնք իրականացվել են որոշակի ցնցումներով, օրինակ՝ «Ընտանեկան բռնության դեմ» ոլորտի օրենսդրությունը:

Այս առումով պետք է խորքային ուսումնասիրություններ կատարել և նաև ճիշտ ընկալումներ ձևավորել պետական մարմինների ներկայացուցիչների մոտ»,-ասաց Արման Թաթոյանը:
Վերջինիս խոսքով՝շատ կարևոր է կառավարության հաշվետվողականությունը, ինչպես նաև մարդկանց միջև ու պետություն-հանրություն կապի ապահովումը:

«Ցավոք, մեր երկրում լրագրողի աշխատանքների խոչընդոտների համար պատասխանատվության մեխանիզմը լիարժեք չի գործում: Եվ դրա պատճառով է, որ լրագրողների մոտ կա արդարացի մոտեցում, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ»,-ավելացրեց ՄԻՊ-ը, ում կարծիքով՝ այն պայմանավորված է մի քանի խորքային պատճառներով: Իսկ սրա համար, ըստ Թաթոյանի, անհրաժեշտ է մի քանի սկզբունքային հարցերի լուծում: Դրանք են լրագրողի օրինավարությունը, նրա աշխատանքի բարեխճության կանխավարկածով առաջնորդվելը, լրագրող գործընկերների հետ տարվող աշխատանքը, նրանց շարունակական կարողությունների զարգացումը:

Նշենք, որ լրագրողների մի խումբ հենց ոլորտում մի շարք զզգայուն հարցերի կապակացությամբ վերապատրաստում են անցել Գերմանիայում:

Նշելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը երկար սպասված փաստաթուղթ էր, և ՄԻՊ-ը առանձնացրեց մեր երկրի համար մի քանի կարևորվող կետեր:

«Չափազանց կարևոր է մեր երկրի ստանձնած պարտավորությունը՝ ձևավորելու շարունակական հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, կարևոր է նաև հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության ապահովումը, ինչպես նաև, իհարկե, իրավունքների գերակայության արմատավորումը»,-հայտարարեց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարևոր է նրանով, որ շեշտադրումներ է կատարում քաղաքացիական հասարակության զարգացման վրա:

Արման Թաթոյանը նկատեց, որ չափազանց կարևոր հարց է նաև իրավունքի գերակայության ճշգրիտ կիրառումը պրակտիկայում:

«Այստեղ չպետք է լինի որևէ բացառություն որևէ մեկի նկատմամբ որևէ ժամանակահատվածում կամ իրավիճակում»,-ընդգծեց ՄԻՊ-ը:

Comments
SHARE