Գլխավոր Հիմնական Ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն մեխանիզմների մեջ է, պետք է հրաժարական տա. ԿԳ...

Ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն մեխանիզմների մեջ է, պետք է հրաժարական տա. ԿԳ նախարարը՝ քաղաքապետարանի վերաբերյալ բացահայտումների մասին

Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բացահայտված կոռուպցիոն շղթայի մասին:

Հարցին՝ որպես Երևանի ավագանու նախկին անդամ` տեսնո՞ւմ է արդյոք հիմք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ չի ցանկանում ազդել նախաքննության վրա:

«Թող նախաքննությունը պարզի բոլոր մեղավորներին, պարզի, թե շղթան ուր է շարունակվում, որտեղ է կտրվում: Համապատասխան գնահատականները թող իրավապահները տան: Կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված է, դրան պետք է հետևի հրաժարական, պատասխանատվություն պետք է կրի օրենքի շրջանակներում: Իրավապահները թող որոշեն՝ ով որքան է մեղավոր, մեղավոր է, թե ոչ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե ժամանակին Հարությունյանն ասում էր, որ կոռուպցիոն շղթաներ կան քաղաքապետարանում, նախարարը նշեց, որ մասնավոր զրույցներում քաղաքացիները շատ հաճախ նշել են, որ քաղաքապետարանի հետ աշխատելու հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել:

Իսկ այն հարցին, թե պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում ցուցմունք տալ կամ քաղաքացիների ահազանգերը բարձրաձայնել, Հարությունյանը պատասխանեց, որ այս դեպքի բացահայտումից հետո ինքը մի քաղաքացու, ով դիմել էր իրեն, խնդրել է պատմել իրողությունները Ազգային անվտանգության ծառայությանը:

«Խնդրել եմ, որ դիմի ԱԱԾ, իր ունեցած տեղեկությունները հայտնի: Թեպետ ես հրապարակային ասել եմ, բայց նորից ասում եմ, որ ԱԱԾ-ն հանի ցուցակները, ու ամեն ինչ պարզ կդառնա»:

 

Comments
SHARE