Գլխավոր Հասարակություն «Սննդի ոլորտում աշխատող տնտեսվարողների բեռը հուլիսի 1-ից եռապատկվելու է». Ավինյանը չհամաձայնեց այս...

«Սննդի ոլորտում աշխատող տնտեսվարողների բեռը հուլիսի 1-ից եռապատկվելու է». Ավինյանը չհամաձայնեց այս պնդմանը

Սննդի ոլորտում աշխատող տնտեսվարողների բեռը հուլիսի 1-ից եռապատկվելու է, երբ նրանք անցնեն շրջանառության հարկի դաշտ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, ինքը 50 տնտեսվարողներից բողոք ունի, որոնք նշում են, որ խնդրում են հետաձգել այդ դրույթի կիրառումը, քանի որ դա բերելու է գների բարձրացման:

«Առաջարկում եմ այդ հարկի կիրառումը հետաձգվի: Փաստորեն հավասարեցվել է Երեւանի կենտրոնում գտնվող տնտեսավարողներին, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, այն տնտեսվարողներին, որոնց սննդի կետերը գտնվում են ճանապարհներին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մի փոքր թյուրըմբռնում եւ կոմունիկացիայի խնդիր է եղել նման գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ. «Փաստացի այդ տնտեսվարողները հիմա գործում են արտոնագրային վճարով եւ ձեր ասած համահարթեցումը գործում է այս պարագայում, իսկ շրջանառության հարկի դեպքում վիճակն այլ է: Այդ դեպքում ծախսերը հանելուց հետո է հարկվում տնտեսվարողը: Նաեւ դուրս ենք բերում ԱԱՀ-ի դաշտից: Մենք ստեղծում ենք իրավիճակ, երբ բոլորին ձեռնտու է աշխատել ստվերից դուրս, դա թույլ կտա ծախսերի մասով հարկը նվազեցնել: Այո, լինելու են մարդիկ, որոնք ավել շատ են վճարելու, մեծերը շատ են վճարելու, փոքրերը՝ ավելի քիչ: Մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը»,-հայտարարեց Ավինյանը:

 

Comments
SHARE