Գլխավոր Հիմնական Ըստ ԱՀԿ-ի՝ պետբյուջեից հատկացումները պետք է լինեն ՀՆԱ-ի 4%-ից ոչ պակաս, իսկ...

Ըստ ԱՀԿ-ի՝ պետբյուջեից հատկացումները պետք է լինեն ՀՆԱ-ի 4%-ից ոչ պակաս, իսկ մենք տրամադրում ենք 1.5%. Արսեն Թորոսյան

ԱՀԿ խիստ հորդորով միայն պետբյուջեից առողջապահությանը հատկացվող միջոցները պետք է լինեն ՀՆԱ-ի 4 տոկոսից ոչ պակաս, իսկ մենք տրամադրում ենք 1.5 տոկոս։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նշենք, որ պատգամավորը խոսեց առողջապահության ոլորտում կուտակված խնդիրների մասին՝ պետպատվերի տրամադրում, քաղաքացիների անվճարունակություն եւ այլն:

«Անընդհատ փորձել եմ քաշքշել նախորդ իշխանության առողջապահության պատասխանատուների օձիքից՝ հիշեցնելով հիվանդ, բայց դեղ չունեցող մարդկանց մասին, սակայն անընդհատ հանգել եմ խնդրի չլուծմանը»,- ասաց Ուրիխանյանը՝ նախարարին խնդրելով ներկայացնել այս ոլորտում անելիքները:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հիվանդներին լիարժեք օգնություն չցուցաբերելու առաջին պատճառը ոչ բավարար միջոցներն են, երկրորդը՝ այդ գումարների բաշխման մեխանիզմների անկատարությունն ու անարդարությունը։

«Բուժհաստատությունները փաստացի մեզ մոտ դոտացիոն սկզբունքով են ֆինանսավորվում, տարվա սկզբում ստանում են ոչ հավասարաչափ դոտացիաներ. մի բուժհաստատություն ստանում է 5 մլրդ դրամ, մեկ ուրիշը՝ 1 մլրդ դրամ։ Հետեւաբար, եթե այդ երկու բուժհատստություններ դիմեն հավասար թվով քաղաքացիներ, ապա երկրորդում խոնչընդոտների կհանդիպեն»,- նշեց նախարարը:

Երրորդ պատճառը, ըստ նրա, անբարեխղճությունն է, երբ բուժհաստատություններն արհեստականորեն ասում են՝ գումարը վերջացավ, հերթեր են եւ այլն։

«Առաջին մակարդակով լուծումները պատկերացնում ենք. տրամադրումների աստիճանական աճ եւ հավելյալ միջոցների ներգրավում, երկու-երեք տարուց ապահովագրության ներդրումով։ Երկրորդ մակարդակով… նույնիսկ այս տարի արդեն մի փոքր վերաբաշխումներ ենք անում արդեն կնքված պայմանագրերի հիման վրա։ Կտրուկ չենք կարող, որովհետեւ բուժհաստատություններն արդեն ունեն պլանավորած իրենց տարին։ Եվ ավելացնելով արդեն ապահովագրված մարդկանց թիվը, հիմա ունենք 100.000, մյուս տարի, եթե հասցնենք, եւս 500.000 մարդ։ Երրորդ մակարդակով, երբ արդեն բուժհաստատությունները պարզապես անբարեխղճություն են ցուցաբերում, կոնկրետ դեպքերով զբաղվելու վերահսկողական մեխանիզմով ենք անում։ Այդ զանգերով զբաղվելը հիմա մեր աշխատանքի 80 տոկոսն է կազմում, ինչն իրականում խանգարում է առաջին երկու մակարդակով զբաղվելուն»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ արդեն վերանայվում է որպես շտապ խնդիր սրտի ստենտավորման հարցը, քանի որ շատերը մերժում են ստանում՝ ծրագրում ընդգրկված չլինելու պատճառով։ «Միայն շատ ծանր դեպքերն է պետությունն իր վրա վերցնում «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի ժամանակ։ Փորձում ենք դա ընդլայնել, ի դեպ՝ պետության կողմից գնվող ծառայության գնի իջեցման հաշվին, ոչ թե հավելյալ միջոցներ ներգրավելու։ Դա, հուսով եմ, արդեն հուլիսի կեսից կգործի»,- եզրափակեց առողջապահության նախարարը:

Comments
SHARE