Գլխավոր Հասարակություն Անհասկանալի է՝ ինչու է ասվում, թե Տոնոյան-Շոյգու հանդիպում չի եղել, այն դեպքում,...

Անհասկանալի է՝ ինչու է ասվում, թե Տոնոյան-Շոյգու հանդիպում չի եղել, այն դեպքում, երբ անձամբ այս մասին տարածել եմ պաշտոնական հաղորդագրություն. Ա. Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի համար առավել քան անհասկանալի է լրատվամիջոցներում պարբերաբար տպագրվող տեղեկատվությունը, թե առ այսօր չի եղել Դավիթ Տոնոյան-Սերգեյ Շոյգու հանդիպում:

Tert.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և անհասկանալի է, թե ինչու է նման բան գրվում, այն դեպքում, երբ անձամբ իմ կողմից եղել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Դավիթ Տոնոյանն իր ռուսաստանցի պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգուի հետ, դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմանի ռազմական գործակցությանն առնչվող հարցեր: Ավելին, այդ երկկողմանի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ հայ-ռուսական ռազմական գործակցությունը զարգացվելու և խորացվելու է» :

Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել է. «Արդեն մեկ ամսից ավելի (նշանակվել է մայիսի 11-ին) Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը հանդիպում չի ունեցել իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Շոյգուի հետ:

 Սա Հայաստանի համար աննախադեպ իրադարձություն է, եթե նկատի ունենանք ձևավորված ավանդույթները և հայ-ռուսական ռազմական համագործակցության գոյություն ունեցող մակարդակը:

Նկատենք, որ այս հանդիպումներին անդրադարձել է նաև ռուսական մամուլը՝ նշելով, որ Տոնոյան-Շոյգու հանդիպման ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը բարձրացրել է Հայաստանի կողմից Սիրիայում որոշակի դերակատարություն ստանձնելու հարցը:

Comments
SHARE