Գլխավոր Տնտեսություն Հույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով

Հույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:

Ն. Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման ցանկացած փուլում, այդ թվում նաև՝ նոր իշխանության ձևավորման ընթացքում, ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ՝ ոլորտային գերատեսչությունները մինչև վերջ պետք է կատարեն իրենց գործառույթները՝ արժանապատվորեն փոխանցելով այն հաջորդներին, ոլորտի պրոֆեսիոնալ երիտասարդներին: Այս փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անկեղծ եմ խոսում ձեզ հետ, կարծում եմ ճիշտ է և լավ է, որովհետև նոր հայացք, թարմ արյուն է պետք:

Մեր բնագավառում դասախոսական տարիները չհաշված՝ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ: Ուստի նորմալ է, որ գան այլ մարդիկ, այլ պատկերացումներով, ինչը միանշանակ օգտակար կլինի:

Մեր այս տարիների աշխատանքի ընթացքում ցավոք, քաղաքաշինության նախարարության կարգավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչն անհասկանալի է: Այս պրոբլեմի լուծման համար վարչապետին դիմելու եմ, հակառակ դեպքում, ստացվում է, որ կառավարության կազմում կան քաղաքականություն վարող մարմիններ՝ 17 նախարարություններ, և կա 18-րդը, որը նախարարություն չի, կոմիտե է: Գուցե, սա բացատրվում էր նրանով, որ նախարարը կուսակցական չէ, քաղաքական թիմի անդամ չէ: Ի դեպ, այդ հնարավորությունը, այդ առաջարկը միշտ է եղել, այսօր էլ կար, բայց ես չեմ ցանկացել օգտագործել այդ տարբերակը:

Ն. Սարգսյանն անդրադարձել է անցած 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին կարևորելով և աղետի գոտու խառնաշփոթը վերացնելու համատեքստում կատարված հսկայական աշխատանքը, և նորմատիվների դաշտը կանոնակարգելու խնդիրները, և Ճարտարապետների պալատի ստեղծումը, որն ամուր, ուժեղ իրավական հիմք է ճարտարապետների համար, տարածքային հատակագծման նոր գործընթացը, որն ակտիվ ընթացքի մեջ է:

Մենք ներդրումային ծրագրերի վրա ամենաանմիջական ազդեցությունն ենք ունեցել: Եթե խոսվում է 100 մլն դոլար տարեկան ներդրման մասին, այդ թվում և շինարարության ծավալների առումով, ապա մենք այս համատեքստում ամենաուղղակի մասնակցությունն ենք ունեցել,- նշել է նա:

Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքից: Հերթապահ խոսքեր չեմ ուզում ասել, բայց գործ եմ ունեցել մասնագիտությանը, աշխատանքին նվիրված աշխատակիցների հետ: Վստահեցնում եմ՝ մարդկային ցանկացած հարցով կապի մեջ կլինենք՝ դիստանցիաներն ինձ խորթ են:

Հավանաբար, կհանդիպենք մեկ շաբաթից, երբ Կոմիտեի նոր ղեկավարը կնշանակվի. գալու եմ, որովհետև ճիշտ եմ գտնում՝ մասնագիտական և կարևոր այս ոլորտը արժանապատիվ կերպով հաջորդին փոխանցելը:

Ինքս կշարունակեմ լինել ակտիվ աշխատանքների մեջ՝ պիտի աջակցեմ նաև, որ Ճարտարապետների պալատը կայանա:

Կոմիտեի աշխատակիցները, մասնավորաբար, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության վարչության պետ Տանյա Արզումանյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել, որ բարեբախտություն են ունեցել աշխատելու բնագավառի բարձր պրոֆեսիոնալի, պաշտոնյայի մտավորական որակ ունեցող անհատականության հետ:

Կրկին շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչներին, Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ եկողը՝ նոր մշակույթ և մոտեցումներ բերելով տարիների ստեղծածը, բազան կպահպանվի, կհարստացնի նորովի:

Կյանքն առաջ է գնում, ես շատ կուզեմ, որ բոլորդ մնաք, քանի որ քաղաքաշինությունը տարբերվում է մյուս գերատեսչություններից, այստեղ պրոֆեսիոնալիզմը ֆունդամենտալ նշանակություն ունի: Մանավանդ, տնտեսության զարգացման համատեքստում գլոբալ քաղաքաշինական, ներդրումային ծրագրեր կան, որոնք արդեն իսկ բավական դժվարությամբ հունավորվել են և դրանց շարունակականությունը ապահովելու հարցը կարևոր է:

Comments
SHARE