Գլխավոր Միջազգային ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԽԽՎ ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ զեկուցողի նշանակումը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում՝ հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում:

Զեկուցողի թեկնածությունները որոշվելու են ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու նախաձեռնության և այդ հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ երկու ամիս առաջ ելույթ են ունեցել 24 պատգամավոր, որոնց խումբը գլխավորել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիխտը:

Ելույթ ունեցած խորհրդարանականները նշել են, որ մերժվել է 2013 թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը:

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ այսօր էլ Ադրբեջանում կա քաղբանտարկյալների խնդիր:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին տեղի ունեցած լիագումար նիստում որոշում էր կայացրել հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը:

ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչների` Ադրբեջանի կառավարությունից կաշառք վերցնելու հետ կապված գործերը հետաքննելու նպատակով ստեղծվել էր 3 անկախ փորձագետներից կազմված խումբ:

Ըստ ներկայացվող մեղադրանքների` 2013 թ.հունվարին ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կամ նախկին ներկայացուցիչներ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ վերահսկողության զեկույցին դեմ քվեարկելու համար Ադրբեջանի կառավարությունից կաշառք են վերցրել: Այս մասին տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվական միջոցներում, ինչից հետո ԵԽԽՎ-ն սկսել է զբաղվել այդ հարցով:

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ վերահսկողության զեկույցը քվեարկության արդյունքում չի հաստատվել և ենթադրվում էր, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ, կաշառվելով Ադրբեջանի կողմից, դեմ են քվեարկել: 2017-ի հունվարին ԵԽԽՎ 60-ից ավելի պատգամավորներ պահանջել էին այս հանգամանքի հետ կապված անցկացնել անկախ հետաքննություն: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն էլ դիմել էր Եվրոպայի խորհուրդ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունները քննության առնելու պահանջով:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում էր կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:

Comments
SHARE