Գլխավոր Հասարակություն Անկարայում Իսրայելի դեսպանը լքել է Թուրքիան

Անկարայում Իսրայելի դեսպանը լքել է Թուրքիան

Անկարայում Իսրայելի դեսպան Էիթան Նաեհը լքել է Թուրքիան ու վերադարձել հայրենիք, այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքը։

Աղբյուրը նշում է, որ այսօր դեսպանը Turkish Airlines ավիաընկերության օդանավով մեկնել է Թել Ավիվ․ Անկարայի օդանավակայանում նրա հանդեպ կիրառվել են անվտանգության նորմերի պահպանման պարտադիր միջոցառումներ, մասնավորապես՝ պարտադիր ստուգում, որը ստիպված են անցնել բոլոր շարքային ուղևորները։

Նշվում է նաև, որ դեսպանն օդանավակայանում չի ցանկացել զրուցել լրագրողների հետ։

Նաեհն ավելի վաղ կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրանից պահանջել էին լքել երկիրը։

Հիշեցնենք, որ Իսրայելն իր հերթին պահանջել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսից հայրենիք վերադառնալ։ Վերջինս, սակայն, դեռևս Թուրքիա մեկնել չի պատրաստվում։ Թուրքական կողմը պնդում է, որ դիվանագետն ունի հատուկ կարգավիճակ և համարվում է նաև Պաղեստինում Թուրքիայի դեսպանը, և Իսրայելն իրավական հիմքեր չունի նրան երկրից արտաքսելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։

Comments
SHARE