Գլխավոր Միջազգային Կոալիցիայի հարվածը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա. Սերգեյ Լավրով

Կոալիցիայի հարվածը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրների հարձակումը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա:

«Հետևանքներ անպայման կլինեն: Իրականում մենք կորցնում ենք վստահության վերջին մնացորդները մեր արևմտյան բարեկամների նկատմամբ»,- հայտարարել է Լավրովը BBC News-ին տված հարցազրույցում:

«Նրանք (արևմտյան երկրները) նախ պատիժ են իրականացնում սիրիական Դումայում, այնուհետև սպասում, որ ՔԶԱԿ-ի մասնագետները հետաքննություն անցկացնեն տեղում: Արևմտյան երկրների եռյակը փորձում է պատժի միջոցով ապացույց ստանալ»,- հավելել է նախարարը:

Ավելի վաղ արևմտյան երկրները Դամասկոսին մեղադրել էին Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Մոսկվան, իր հերթին, հերքել էր քլորով ռումբ կիրառելու մասին լուրը, որն իբրև նետել էին սիրիացի զինվորականները:

Ի պատասխան ենթադրյալ քիմիական հարձակման՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան շաբաթ առավոտյան ավելի քան 100 հրթիռ են արձակել սիրիական կառավարական կառույցների ուղղությամբ, որտեղ, նրանց կարծիքով, քիմիական զենք է արտադրվում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավիահարվածներն անվանել է «ագրեսիայի դրսևորում մի երկրի ինքնիշխանության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում»:

Comments
SHARE