Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:
Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։
Ոստիկանների վնասվածքները բութ եւ կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։