Գլխավոր Տնտեսություն Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլին

Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլին

Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլին եւ կազմել 78,42 ռուբլի (նախորդ առեւտրաշրջանի փակման համեմատությամբ աճը կազմել է 3,72 ռուբլի): Դա, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առաջին անգամ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ից ի վեր։

Ինչպես վկայում են սակարկությունների տվյալները, Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը թարմացրել է 2016 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը՝ գերազանցելով 63 ռուբլին, եւ կազմել 63,55 ռուբլի (նախորդ փակման նկատմամբ աճը կազմել է 2,89 ռուբլի): Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը լրագրողների հետ կայացած զրույցում կարծիք է հայտնել, որ նավթի բարձր գինը թույլ կտա ընթացիկ պայմաններում խուսափել ռուբլու փոխարժեքի լուրջ տատանումներից:

«Չնայած ռուսական ֆոնդային շուկայից օտարերկրյա առանձին ներդրողների դուրս գալուն, մենք այժմ ունենք նավթի բարձր գին: Այդ կապակցությամբ ես նոր լուրջ տատանումներ չեմ սպասում: Բացի այդ, թուլացած ռուբլին օգնում է ռուսական արտահանմանը, եւ մի շարք ճյուղեր, ամենայն հավանականությամբ, օգուտ կքաղեն այդ փոխարժեքից: Ընդհանուր առմամբ հաշվեկշիռը վատ չէ, դա շատ չի ազդի տնտեսական աճի վրա»,-նշել է նա եւ հավելել, որ ֆինանսական շուկայի տրամադրությունները հետագայում կորոշվեն այն միջոցներով, որոնք կառավարությունը կառաջարկի այն ընկերություններին աջակցելու համար, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժիչ ցուցակում:Իր հերթին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ելույթ ունենալով Մոսկվայի բորսայի համաժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանի Բանկն ունի անհրաժեշտ գործիքները ֆինանսական անկայունության սպառնալիքը կանխելու համար: Սակայն այժմ դրանց կիրառման անհրաժեշտություն չկա: Խոսելով գնաճի վրա արժութային կուրսի ազդեցության մասին՝ նա նշել է, որ դա ազդեցության ուղիներից մեկն է բայց ոչ միակը:

Comments
SHARE