Գլխավոր Տնտեսություն Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը 176 մլն եվրոյի օգնություն կստանա. ԱԳՆ

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը 176 մլն եվրոյի օգնություն կստանա. ԱԳՆ

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը 176 մլն եվրոյի օգնություն կստանա: Այս մասին Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում նշել է հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին:

Այդ միջոցները, նրա խոսքով, միանգամից չեն փոխանցվի, այլ փուլ առ փուլ, մի քանի տարվա ընթացքում: «Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում կա ընդհանուր աջակցության փաստաթուղթ, որտեղ ներկայացված են ֆինանսական աջակցությունները 2017-2020 թվականների համար»,-պարզաբանեց Նազարյանը:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը նշեց, որ նման համաձայնագիր հետագայում կարող է կնքվել նաեւ Ադրբեջանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է արվում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո ԵՄ-ն շարունակի իր կառուցողական դիրքորոշումը Արցախի հակամարտության կարգավորման հարցում, նախընտրությունը չտալով հակամարտող կողմերից որեւէ մեկին: «Կստեղծվե՞ն արդյոք համապատասխան մեխանիզմներ, որ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները պաշտպանված լինեն ԵՄ-ի հետ համաձայնագրում»,-հարցրեց Ռուստամյանը:

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց, որ այդ համաձայնագրում հաշվի է առնվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, եւ նշվել է բանակցային գործընթացի կարեւորությունը: Նա հավելել է, որ տվյալ համաձայնագիրը ունի որոշակի իրավաբանական ուժ հակամարտող կողմերի համար: «Մենք սպասում ենք, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի մեզ համար կարեւոր այս խնդրի լուծմանը»,-ամփոփեց փոխնախարարը:

Comments
SHARE