Գլխավոր Տնտեսություն «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի». Վարդան Հարությունյան

«Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի». Վարդան Հարությունյան

2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նշելով.

«2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ապահովված հարկային եկամուտների հաստատուն աճը ազդակ է հաղորդելու տնտեսությանը»:

Եկամուտների շարունակական աճի համատեքստում կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նպատակային տրամադրվածությամբ ՊԵԿ-ը պետք է շարունակի բիզնեսի համար բարենպաստ եղանակ ստեղծելու քաղաքականությունը: Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով հանրապետության նախագահի հանձնարարականը. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»:

Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ խիստ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման: Համակարգում առկա կարգավորման ենթակա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով խորհրդակցությանը նախորդել են քննարկումներ կոմիտեի տարբեր ստորաբաժանումների հետ:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Comments
SHARE