Գլխավոր Տնտեսություն Հայաստանում առաջին արևային կուտակիչ կայանը նախատեսվում է կառուցել 2019-ի վերջին Դդմաշենում

Հայաստանում առաջին արևային կուտակիչ կայանը նախատեսվում է կառուցել 2019-ի վերջին Դդմաշենում

Արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների մեծացմանը զուգահեռ Հայաստանում մտածում են կուտակիչ կայաններ հիմնելու ուղղությամբ: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ ցանկություն ունեն մինչև 2019-ի ավարտը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել առաջին պիլոտային կուտակիչ կայանը 14 Մվտ/ժ հզորությամբ: «Կուտակիչ կայաններն անհրաժեշտ են ոչ միայն վերականգնվող, այլ նաև մեր բազային հզորությունների համար: Մենք նպատակ ունենք մեր բազային հզորությունները առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչի համար ժամանակ առ ժամանակ մեզ պետք են կուտակային հզորություններ գիշերվա մինիմալ սպառման կամ պիկի ժամանակ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ներկայում քննարկվում է կուտակիչ կայանների բնույթի վերաբերյալ երկու մոտեցում: «Առաջինը` կուտակիչ կայան, որը կսպասարկի ամբողջ համակարգը և համակարգի օպերատորը կիրականացնի դրա շահագործումը: Կամ միգուցե հետագայում քննարկվի ամեն արևային կայանին կից որոշակի կուտակային հզորության պահանջը: Այս առումով հստակ մոտեցում որևէ երկրում դեռևս չկա»,-ասաց պաշտոնյան: Նա նշեց, որ քննարկվում է նաև հիդրոակումուլիացիոն կայանների հնարավորությունը` հաշվի առնելով Հայաստանի հիդրոէներգետիկ ռեսուրսը:

Հայկ Հարությունյանի խոսքով` այս պահին կուտակիչ կայանների անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա, այս քայլերն արվում են ռազմավարական պլանավորումը ճիշտ կատարելու նկատառումով:

Հատկանշական է, որ կուտակիչ կայանների ծրագրի շրջանակներում Հայաստանը բանակցություններ է վարում ամերիկյան «Tesla» ընկերության հետ:

Comments
SHARE