Գլխավոր Տնտեսություն Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8.6 տոկոսով. վիճակագրություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8.6 տոկոսով. վիճակագրություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–փետրվար ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.6 տոկոսով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝  աճի ցուցանիշ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից։  Առավելագույն աճը գրանցվել է շինարարության, առեւտրաշրջանառության եւ ծառայությունների ոլորտներում:

Մասնավորապես, շինարարության  ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 22.7 տոկոսով, առեւտրաշրջանառության ցուցանիշն աճել է 17.4 տոկոսով, իսկ ծառայություններինը՝ 15.1 տոկոսով։ Այս ոլորտներին հաջորդում է արդյունաբերության ոլորտը՝ 8.3 տոկոս աճով եւ էներգետիկ համալիրը՝ 3.5 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 0.1 տոկոս անկում։

Բացարձակ արժեքով 2018 թվականի հունվար–փետրվար ամիսներին առաջատարն է եղել առրտրաշրջանառության ոլորտը 359.1 մլրդ դրամ ծավալով։ Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը (254,7 մլրդ դրամ),երրորդ տեղում էլ ծառայությունների ոլորտն է ոլորտը (225,7 մլրդ դրամ), չորրորդ տեղում գյուղատնտեսության ոլորտն է (45.3 մլրդ դրամ), հինգերորդ տեղում՝ շինարարությունը (21.6 մլրդ դրամ)։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-փետրվարին կազմել է 1502,2 մլն կՎտժ:

Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2018 թվականի հունվար-փետրվարին կազմել է 512.4 մլրդ. դրամ, տարեկան աճը`43,2 տոկոս: Դրա կառուցվածքում արտահանման աճը կազմել է 41 տոկոս, մինչեւ 186.4 մլրդ դրամ, իսկ ներմուծման տարեկան աճը`44,4 տոկոս, մինչեւ 326 մլրդ դրամ:

Տարեկան գնաճը 2018 հունվար–փետրվար ամիսներին կազմել է  3.1 տոկոս։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2018 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն կաճի 3.8 տոկոսով, իսկ 2019 թվականին 4 տոկոսով։ կենտրոնական բանկի կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ–ն կաճի 4.7-5.8 տոկոսով, իսկ պետբյուջեյում կարձանագրվի 4.5 տոկոս աճ։

2017 թվականին ՀՀ ՀՆԱ–ն աճել է 7.5 տոկոսով՝ կազմելով 5.580 տրիլիոն դրամ (11.6 մլրդ դոլար)։

Դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ հունվար–փետրվար ամիսներին կազմել է   481.88 դրամ 1 դոլարի դիմաց։

Comments
SHARE