Գլխավոր Քաղաքականություն Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի եւ Չեխիայի նախագահները

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի եւ Չեխիայի նախագահները

ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել  Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում  Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետությունների միջեւ երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են,  եւ  դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջեւ դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում եւս  ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  նաեւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարեւոր գործընկեր է եւ դաշնակից։ Նախարարությունների եւ խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին եւ տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը  կարեւոր գործընկեր է նաեւ  բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ։ Հեռանկարներ կան նաեւ Արեւելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից եւ չափազանց օգտակար ձեւաչափ մեր հարեւանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ  ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

Comments
SHARE