Գլխավոր Քաղաքականություն Կոչ եմ անում կողմ քվեարկել այս օրինագծին․ Արփինե Հովհաննիսյան

Կոչ եմ անում կողմ քվեարկել այս օրինագծին․ Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովն այսօր աշխատանքը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ նախօրեին քննարկված հարցերը քվեարկության կդնեն վաղը։

Այսօր խորհրդարանը շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Եզարափակիչ ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ես ամբիոնին մոտեցա վերահաստատելու այն դիրքորոշումը, որն այս դահլիճում գտնվող մեծամասնության կողմից համակրանքի է արժանանում։ Հարգելի գործընկերներ, մի կոչ և հորդոր եմ ուզում անել, մի վերագրեք այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի ու չի կարող ունենալ, մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը որևէ պարագայում չի կարող, չի հավակնում և այդպիսի նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ։ Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր ու ջրբաժաններ է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ։ Վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրը, այն դրսևորումները, որոնց դեմ պիտի պայքարի այս օրինագիծը, տեսնելու դեպքում, ինքն առաջին պայքարողն է լինելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Պատգամավորը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքարի խնդիրներ։

«Ինչ վերաբերում է եզակի առանձնյակների հայհոյախառն, հայհոյական մշակույթն ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է և ես այդ տիրույթում անելիք չունեմ։ Եվ մեկ անգամ ևս կոչ եմ կողմ քվեարկել այս օրինագծին, քանի որ վստահ եմ, ձեզնից որևէ մեկը չի հանդուրժի այն դրսևորումները, որի դեմ այս օրինագիծը պայքարելու է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը։

Comments
SHARE