Գլխավոր Հասարակություն Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին

Դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառմանը:

Մարշալի անունը կրող պողոտայում անցկացված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում անդրադարձ է կատարվել Հովհաննես Բաղրամյան անհատի կերպարին, ականավոր զորահրամանատարի անցած փառահեղ մարտական ուղուն և կերտած հաղթանակներին: Առանձնահատուկ կարևորվել են ԽՍՀՄ կրկնակի հերոսի հրամանատարությամբ մշակված և անթերի իրականացված գործողությունները, որոնք մեծագույն ներդրում են ունեցել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի կերտման գործում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան տարեդարձի առթիվ, ընդգծել է, որ հայազգի զորահրամանատարը հաղթանակի խորհրդանիշ է, որը ներդաշնակել է համաշխարհային և ազգային արժեքները և ստացած փայլուն ռազմական կրթությամբ ու զինվորական հարուստ կենսափորձով հաջողության լավագույն օրինակ է յուրաքանչյուր կուրսանտի և սպայի համար։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն անվանակոչվելու է Հովհաննես Բաղրամյանի անունով:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է կուրսանտների երթով: Ավելի ուշ տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոսին նվիրված հուշ երեկո, որի ընթացքում ներկայացվել են մարշալ Բաղրամյանի անցած ուղին և կատարած սխրանքները, ցուցադրվել է զորահրամանատարի մասին պատմող տեսաֆիլմ:

Տեսանյութը ՝ 1in.am

Comments
SHARE