Գլխավոր Քաղաքականություն Անելու ենք առավելագույնը, որպեսզի Արցախն իրավական ճանաչում ստանա. Գևորգ Կոստանյան

Անելու ենք առավելագույնը, որպեսզի Արցախն իրավական ճանաչում ստանա. Գևորգ Կոստանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին անգամ ՀՀ-ն ներկայացնելու է Արցախի կարգավիճակի կամ դրանից բխող հարցերը, մեկնարկելու է Լեռնային Ղարաբաղի իրավական ճանաչմանն ուղղված գործընթաց:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի կամ անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային իրավական կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցեր: Պետությունն ունի մի շարք հատկանիշներ, որոնք սահմանված են Մոնտեվիդեոյի կոնվենցիայով: ՄԻԵԴ-ում Ղարաբաղի կարգավիճակի, անկախացման գործընթացի, պետականությանն ու պետությանը վերաբերող հատկանիշների առկայության հարցը իրավական հարթության մեջ երբևէ չի քննարկվել: Այն քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական կոնտեքստում: ՄԻԵԴ-ում առաջին անգամ է, որ մենք քննարկման առարկա ենք դարձնում Ղարաբաղի կարգավիճակի ու դրանից բխող հարցերի լուծումը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով`հիմա բավականին վճռական փուլ ենք մտել թե’ ապրիլյան պատերազմի գործերի քննության համատեքստում, թե’ Ասկերովի հայցի (այն դիվերսանտների, ովքեր հիմա պատիժ են կրում Ստեփանակերտում /խմբ./):

Կոստանյանն ընդգծեց, որ այդ հարցերի շրջանակներում ներկայացնում են այն փաստարկները, որոնք հիմնավորում են` ԼՂՀ-ն ունի պետությանը բնութագրող բոլոր հատկանիշները` անխտիր: Ըստ նրա՝ հարցը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև ՄԻԵԴ-ի վճիռը կատարվում է Նախարարների կոմիտեի կողմից, որը քաղաքական մարմին է, և հարցը իրավական ընթացակարգերի քննարկումից հետո տեղափոխվում է քաղաքական քննարկման դաշտ:

Հարցին՝ արդյո՞ք իրավական ճանաչման գործընթացին չեն խոչընդոտի, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես երբևէ, որևէ գործընթացում ներգրավված լինելով, քննարկման առարկա չեմ դարձրել, թե դիմացինն ինչ կարող է անել կամ ինչ է անելու,  ես միշտ քննարկման առարկա եմ դարձնում, թե մենք ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու»:

Նա նշեց, որ խոչընդոտներ, բնականաբար, կան և լինելու են, և անվիճելի է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր և անհնար միջոցները  ձեռնարկում է ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար:  «Պետք է հիշեցնեմ Նախարարների կոմիտեի`  4 ամիս առաջ կայացրած որոշումը, որով 36 պետություն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի կողմից առաջարկված փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը, անգամ` Թուրքիան ձեռնպահ քվեարկեց»,- ասաց Կոստանյանը:

Վերջում նա հավելեց, որ Հայաստանն անելու է առավելագույնը, որ Լեռնային Ղարաբաղն իրավական ճանաչում ստանա:

Comments
SHARE