Գլխավոր Տնտեսություն Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հուլիսին 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշը 7,8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11,8 տոկոսով` կազմելով 774 մլրդ 537.2 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 2,1 տոկոսով` կազմելով 334 մլրդ 833 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-հուլիսին ավելացել է 0,5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.2 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 346 մլրդ 761.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 899 միլիարդ 590.5 միլիոն դրամ, 12,7 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,7 տոկոսով (190 հազար 397 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 499 դրամ` մնալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, իսկ մասնավոր հատվածում կազմել է 227 հազար 076  դրամ` աճելով 3,7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 26 տոկոսով (3 մլրդ 346.8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 21,6 տոկոսով (1 միլիարդ 185.1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 28,5 տոկոսով (2 մլրդ 161.7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիսին եղել է 483.78:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Armenpress

Comments
SHARE